05-02-2014 13:15

Մարդիկ դեռևս 91 թ-ից բանկերի նկատմամբ վստահությունը կորցրել են. Տնտեսագետ

 Արդեն մի քանի ամիս է ինչ քաղաքական ակտիվիստները պայքարում են կենսաթոշակային ՛՛պարտադիր կուտակային՛՛ նոր համակարգի դեմ: Մարդիկ դեմ են, քանի որ բնավ չեն ցանկանում, առանց այդ էլ չնչին աշխատավարձից 5-10 տոկոս պահումներ անել, ինչ է, մի 40 տարի հետո բավականին զգալի չափով թոշակ կստանան:

Հիշեցնենք, որ սույն օրենքը վերաբերում է 1974 թ-ից ծնվածներին: Սակայն անցյալ շաբաթ, ՀՀ ԱԺ ոչ իշխանական ուժերի դիմումի համաձայն օրենքի որոշ կետերի կիրառումը մինչև մարտ կասեցվեց:

Մարդկանց մեծամասնությունը դեմ է այս համակարգին, ստացվել է այնպես, որ կողմ արտահայտվողների շարքերում հիմնականում իշխանական ներկայացուցիչներն են: Հիրավի, այս համակարգի ներդրումն անհանգստացնող է: Մարդիկ վստահություն չունեն և խիստ կասկածում են, որ 30-40 տարի անց իրենց կուտակած գումարներին տեր կլինեն: Գրանցված  աշխատող Արտյոմ Սամվելյանը, ով 130 հազար դրամ աշխատավարձ է ստանում մեզ հետ զրույցում նշեց, որ ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամների հետ պայքարելու է մինչև վերջ. ՛՛Առանց այդ էլ իմ աշխատավարձը շատ քիչ է, ես երկու երեխա ունեմ, ապրում եմ վարձով, ասացե՛ք, ինչպե՞ս հոգամ իմ ծախսերը, այո, իմ աշխատավարձից անգամ 1000 դրամ ոչ ոք իրավունք չունի ինձ ստիպի պահումներ անել՛՛,-բավականին բորբոքված նշեց Արտյոմը:

Իսկ ահա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հավաստմամբ, խնդիրը միջոցների կառավարման մեջ է: Ըստ նրա, մարդկանց հոգեբանության մեջ, դեռևս 1991 թ-ից մնացել է բանկերին ու նմանատիպ համակարգերին չվստահելը: ՀՀ կառավարությունը պետք է ջանա մարդկանց կարծրատիպերը փոխի, վսահեցնում է տնտեսագետը և հավելում է, որ մարդիկ ոչ թե մտածում են համակարգը լավ է, վատ է, այլ՝ եթե ՀՀ կառավարությունն է անում, ուրեմն վատ է լինելու:

Տնտեսագետը վստահ է, որ մարդկանց 90 տոկոսը օրենքը մանրամասնորեն չի էլ կարդացել, պարզապես դեմ է ու վերջ: Վիլեն Խաչատրյանի համոզմամբ բարեփոխման հումքը դեռևս հում է, օրենքը ընդունողը կամ ստեղծողը գուցե ավելի լավ է պատկերացնում, բայց մարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում:

Տնտեսագետը վստահեցնում է, որ ցանկացած բարեփոխում իհարկե ռիսկային է. ՛՛Լրիվ նորը ստեղծելը դժվար է, դա նույնն է ինչ նոր ապրանք շուկա հանես ու չգիտես, կվաճառվի՞, թե՞ ոչ՛՛: