24-11-2016 10:46

«Պոբեդա»-ն միայն առաջին երեք թռիչքներն է իրականացնելու 7 հազար դրամով

«Ռուսական Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ:

Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդան» տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ: 7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:

Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար: