24-02-2014 19:50

Կստեղծվի գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով

Այսօր, ՀՀ ԱԺ-ում քննարկվել է գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունների առաջարկը: Հիմնական զեկուցող, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ընդգծել է, թե գազային հարցերի ուսումնասիրության խնդիրը արդիական դարձավ հատկապես դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին:
ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, թե ինչով էր պայմանավորված այն, որ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը:
«Ոչ նրանով, որ այդ հարցերը արդիական չեն, ամենևին, բայց գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունենում են նաև քաղաքական ենթատեքստ ու անհրաժեշտ է, որ լինի հավասարակշռված մոտեցում, որ քննարկվի հարցը իբրև խնդիր՝ գոյություն ունեցող խնդիր, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա»,– ասաց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրման առարկա կդառնա բնական գազի ջերմատվությունը, հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը, սպառողների իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում։
Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, գազի դիմաց կուտակված պարտքն է. Հանձնաժողովի նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է, այլ շատ ավելի լուրջ է՝ պարտքի ձևավորման օրինականության հարցը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ քննարկման կդրվի նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը՝ լինի դա ռուսական կամ այլ երկրի արտադրության:
Հանձնաժողովում ուսումնասիրման կդրվեն նաև ոչ թե միայն Հայաստան մատակարարվող գազի խնդիրը, այլ Հայաստանի հնարավորությունները՝ իբրև տարանցիկ երկիր օգտագործվելու՝ ինչպիսի իրավիճակում ենք, ինչ հնարավորություններ կան, որոնք են այդ հնարավորություններից սկզբունքորեն տեսանելի ապագայում հետագայում իրագործելի, ինչ արգելքներ կան, որ խանգարում են դրա իրականացմանը:
Հարությունյանը կարևորեց նախագծի այն դրույթները, որ արդեն իսկ քննադատվում են որոշ գործընկերների կողմից, ինչպես նաև այն, որ հանձնաժողովի կազմը պետք է լինի հավասարակշռված՝ իշխանական և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ընդգրկված լինեն:
Պատգամավորի խոսքով իրենք նախատեսում են հավասարակշռված կազմով հնարավորություն ընձեռել, որ իշխանական և ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչներ, ստանձնելով այս կամ այն խնդրի նախապատրաստումը, կատարեն այն անհրաժեշտ աշխատանքը, որ հնարավոր կդարձնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: