04-11-2016 11:35

ՀԾԿՀ–ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վերանայման գործընթացը նախատեսվում է՝ հաշվի առնելով 2017թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը։