09-10-2014 13:15

Կառավարությունը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փաստաթղթավորման պահանջը

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել: Պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք: Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունը ներկայումս աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի: Այս ընթացքում մենք կաշխատենք ՀԿ-ների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք այդ փաստաթղթաշրջանառությունն արդեն փետրվարից իրականացնել»,-ասաց նա: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցադրմանը, թե արդյո՞ք բոլոր կողմերը համակարծիք են այդ որոշմանը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Ասել, որ բոլոր կողմերի համար սա ընդունելի որոշում է, ճիշտ չի լինի, բայց հիմնականում կողմ են որոշմանը»: Ըստ նախագծի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Նշված է նաև, որ մասնավորապես՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև՝ ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով: