Բավ է պառակտվել
19-02-2014 13:36

Եթե ՍԴ-ն կենսաթոշակների մասին օրենքը սահմանադրական ճանաչի, ապա դա իրենից լուրջ վտանգ կներկայացնի. Գագիկ Մակարյան

Այսօր հրավիրված ասուլիսին, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անրադարձավ կենսաթոշակային նոր համակարգին: Ըստ նրա, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կուտակումները չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին:

Մակարյանը նշեց, որ որոշ հիմնարկներում մարդիկ չեն ձևակերպվում որպես փաստացի աշխատող: Եթե աշխատողը չհամաձայնի վճարել կուտակայինի համար, գործատուն ստիպված կլինի վճարել, ինչը նշանակում է, որ բավականին լուրջ հարկադրանք է դրված՝ հավասար հարկային հարկադրանքին:

Բանախոսը նկատեց, որ արդեն մարդկանց աշխատանքից ազատելու տենդենց է նկատվում:
՛՛Հարց է առաջանում, թե արդյոք նախարարները հրաժարական կտա՞ն՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասը՝ այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասը՝ պատգամավորական մանդատից ելնելով, բայց դա էլ ճիշտ չէ, քանի որ պառակտումներ են առաջացնում ժողովրդի մեջ:

Մակարյանը կանխատեսում է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի սահմանադրական ճանաչել օրենքը, ապա դա իրենց լուրջ վտանգ կներկայացնի: Իսկ ստեղծված վիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի և այլ մեխանիզմներ կմտածի: Արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: