26-02-2014 09:27

Ջուրը կթանկանա 7.5 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պատրաստվում է ներկայացնել սակագների բարձրացման հայտ, քանի որ ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունն ավարտել է ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների հաշվարկների ճշգրտումը:
Ներկայում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), իսկ ճշգրտված սակագինը՝ 177.746 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
Հիշեցնենք, որ ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ընկերությունը յուրաքանչյուր տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է սակագների նոր ճշգրտված հաշվարկներ՝ հաջորդ պայմանագրային տարվա համար:
Գործող մեթոդաբանությամբ հաշվարկներն իրականացվել են՝ հաշվի առնելով 2013թ. Հայաստանում պաշտոնապես գրանցված սպառողական գների ինդեքսը /պաշտոնական սղաճը/, եվրո-դրամ հարաբերակցությունը, էլեկտրաէներգիայի սակագինը և սպառված ջրի ծավալը:
Վերանայման ենթակա է նաև խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը. այն ներկայումս կազմում է 17.026 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ճշգրտված սակագինը` 18.174 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
Սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8%-ով՝ 2012թ. 2.6%-ի դիմաց: Ընդ որում, մասնավորապես մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8,8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1,2 մլն խմ-ով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1.3 դրամով: Արդյունքում գրանցվել է 7.49 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վերջնականապես կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, հաշվարկների 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ նոր սակագները ուժի մեջ կմտնեն նշված որոշումից 1 ամիս հետո: