05-02-2014 19:54

Գազ, էլեկտրաէներգիա, հիմա էլ ջրի՞ թանկացում…

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառել, որ ջուրը կարող է թանկանալ: Նա նշել է, որ այն պայմանագիրը, որ ունի կառավարությունը «Viola» ընկերության հետ, նախատեսում է սակագնի վերանայում ամեն տարի: Մինչև փետրվարի 28-ը պետք է հայտ ներկայացվի հանձնաժողով` սակագնի վերանայման հարցով:
Նա հիշեցրեց, որ ըստ պայմանագրի սակագինը վերանայվում է չորս դեպքում` սպառման ծավալների փոփոխության, դրամ/եվրո փոխհարաբերության, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության և սղաճի դեպքում:
Բանախոսը հիշեցրեց, որ անցած տարի, երբ հաստատվեց ջրի սակագինը, էլեկտրաէներգիայի սակագինը դեռ փոփոխված չէր, ինչը ենթադրում է, որ փոփոխություն ջրի սակագնում սպասելի է.
«Ես կարծում եմ, որ փոփոխությունը չնչին կլինի` 2-3 դրամի: Բայց քանի հայտը ներկայացված չէ, կոնկրետ թիվ հնչեցնել չեմ կարող» ,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ոռոգման ջրի սակագնի փոփոխությանը, ապա այս հարցում էլ Ռոբերտ Նազարյանը հորդորեց սպասել, մինչև հայտը ներկայացվի հանձնաժողովին: