01-08-2014 15:46

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը կոչ է անում պայքարել թանկացումների դեմ

«Ժառանգություն» կուսակցությունը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին:

Կոչում,ասվում է. ՛՛Եվ այսպես, Հայաստանը դատարկող վարչակարգը, մեր լռելյայն թողտվությամբ, հասավ իր ուզածին՝ այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է եւս 10 տոկոսով կամ ընդամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմում է շուրջ 40 տոկոս: Հայաստանի ազգային հարստությունը կողոպտելու, ինքնիշխանությունը փոշիացնելու եւ համազգային պայքարով ազատագրված Արցախը մանրադրամի վերածելու դիմաց օտարի շահերին համահունչ գործող ժամիշխանությունը այդպես էլ չանսաց էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու եւ խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու՝ ժողովրդի ներկայացուցիչների հորդորներին:

Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով, այսօրինակ կտրուկ թանկացումներն անթույլատրելի են:

Ուստի՝ դատապարտելով իշխանությունների հերթական հակաժողովրդական որոշումը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին Մատենադարանին հարող տարածքից մասնակիցը դառնալ քաղաքացիների կողմից կազմակերպվող բողոքի գործողության, որն ուղղված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն մասնակցել մայրաքաղաքում կայանալիք ակցիային, կոչ ենք անում նույն ժամին ինքնակազմակերպվել եւ արդար բողոքի ձայն բարձրացնել իրենց բնակության վայրերում:

Մեր ակտիվ կենսադիրքորոշմամբ, խոհեմ պահվածքով այլեւս թույլ չտանք ոչ ոքի՝ մտնելու մեր գրպանները՛՛: