Բավ է պառակտվել
25-02-2014 16:19

Նաիրիտի վերաբերյալ ի՞նչ կպարզի ժամանակավոր հանձնաժողովը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանից այսօր ԱԺ նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե հանձնաժողովը ստեղծվելու դեպքում կուսումնասիրվի նաև Եվրոպայի ֆորումի հրապարակած տեղեկությունը, որ իշխանությունները միտումնավոր Նաիրիտը տանում են սննկացման, թեև Կառավարությունը դա հերյուրանք էր որակել։
ԲՀԿ պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե ուսումնասիրության առարկան կդառնա արդյոք նաև նաիրիտցիների ցույցերի ժամանակ հնչող այն պնդումները ու նաև մամուլում եղած հրապարակումները, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն ինքն իրեն պարգևատրվել է 42 մլն դրամ պարգևավճարով, ինչպես նաև հետաքրքրվեց, թե աշխատավարձի խնդիրը ուսումնասիրության առաջարկ կլինի արդյոք։
«Բոլոր հրապարակումները և փաստերը այս հանձնաժողովը ուսումնասիրության առարկա կդարձնի, ոչ միայն հիմնավորվածության, այլ՝ ազդեցության տեսանկյունից, ի վերջո Նաիրիտի հարցն է քննարկվու, նաև այն պաշտոնյաների չարամիտ գործունեությունը, որ հասցրել ենք այս վիճակին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, թե պաշտոնատար անձինք նույնպես քննարկման առարկա կլինեն, իսկ աշխատակիցների վարձատրությունը հատուկ ուշադրության կենտրոնում կլինի, որը ըստ նրա՝ կազմում է 12 մլն դոլար։
ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանն էլ հարցրեց, թե ժամանակին Նաիրիտի հարցով տարբեր փաստեր էր ներկայացնում Ռամկավար Ազատական կուսակցության նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, ով մեղադրում էր վարչապետին Նաիրիտը նման վիճակի հասցնելու համար։ Պատգամավորը հարցրեց, թե նրա բարձրացրած հարցերը նույնպես քննելու անհարժեշտություն կդառնա, չնայած նրան, որ նա երկրից հեռացել է, իսկ մեղադարանքները անհիմն են որակվել։
Նաիրիտի հարցով ըստ Արծվիկ Մինասյանի՝ այդ քրեական գործերը մերժվել է ապացույցների անբավարարության պատճառով, մինչդեռ պաշտոնապես իրենք տեղեկացել են, որ 22 արտադրամասում մեծաթիվ սարքավորումներ են անհետացել, ուստի պետք է ուսումնասիրեն նաև այդ հարցը։