Բավ է պառակտվել
17-09-2015 11:13

«Ինտեր ՌԱՕ»-ն դիմել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու համար

«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին:  Համապատասխան որոշման նախագիծը այսօր ներառվել է կառավարության քիչ հետո կայանալիք նիստի օրակարգ: Կառավարության որոշման նախագծում նշվում է. «Հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

ա) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին" N 668 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները (այսուհետ` սկզբունքներ)` պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար).

բ) ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մասնակցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ»: