Բավ է պառակտվել
03-07-2014 20:46

Էլեկտրանէներգիան թանկացել է ճեղքվածքների՞, թե քաղաքական նկատառումների պատճառով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը եղել է զուտ հաշվարկների հիման վրա, քաղաքական որեւէ հանձնարարություն չկա: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մամուլում հրապարակումներ եղան, թե սա քաղաքական հանձնարարություն է, նման բան չկա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնվել է հաշվարկների վրա, սա զուտ թվերի հետ է կապված: Քառյակն էլ է ներկա եղել, մասնակցել այդ հաշվարկներին, ոչ մի կառավարություն չի ցանկանա, որ որեւէ սակագին բարձրանա: Իհարկե, մենք փորձելու ենք մեր մասնակցությամբ մեղմել այս թանկացումները, չպետք է մոռանալ, որ մեր միջոցներն էլ են սուղ: Տեսեք` այսօր մենք օգնեցինք վարդենիսցիներին: Ասում են, թե կառավարությունն անուշադրության է մատնել նրանց, հերյուրանք է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով:

Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին: