Բավ է պառակտվել
03-02-2014 17:17

Ի վերջո ի՞նչ կլինի կենսաթոշակային նոր համակարգի հետ. հստակ պատասխաններ չեն տրվում

 Այսօր, խորհրդարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ելույթ ունենալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ, նշել է, որ Հայաստանի բարեխիղճ գործատուները աշխատանքային և կենսաթոշակային օրենսդրությունը կատարում են ոչ նրա համար, որ վախենում են տուգանքներից: Փոփոխություններն առաջարկել են ՀՀԿ-ական  պատգամավորները, դրանք չգրանցված աշխատողների համար ստեղծում են աշխատանքային փորձը գրանցելու իրավունքի պաշտպանության հնարավորություն:

Քննարկման ժամանակ  հարց էր տրվել, թե պարտավոր է արդյոք անբարեխիղճ գործատուն հատուցել ոչ միայն փորձը (կամ աշխատավարձը, եթե չի վճարել այն), այլեւ թոշակային համակարգի խնայողությունները: Ընդդիմադիր ՀԱԿ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդլայնել է  հարցը, խնդրելով պարզաբանել, թե ինչ սահմաններում է գործում կենսաթոշակային նոր բարեփոխումը` Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի վճռից հետո:

Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել, թէ արդյո՞ք   մինչև մարտի 28-ը գործատուները ենթարկվում են  տուգանքների, եթե իրենց աշխատակիցների անունից վճարումներ չեն կատարում մասնավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամներին: Եվ աշխատողն արդյոք իրավունք ունի՞ հրաժարվել այդ վճարումներից:

Ի պատասխան ՀՀ աշխատանքի նախարարը կրկնել է բարեխիղճ գործատուների մասին տեսակետը՝ հավելելով, որ կենսաթոշակային բարեփոխումը գործում է նրանց համար, ովքեր արդեն ընտրել են կենսաթոշակային հիմնադրամը եւ սկսել կուտակային վճարումներ կատարել` ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր:  «Բարեխիղճ կուտակողների շարքում նաև ես եմ», - հավելել է նախարարը:

՛՛Պարտադիր կուտակային վճարումների պարտավորությունը դեռ բոլորի վրա չի՞ տարածվում, միայն համակարգում ընդգրկվածների՞՛՛. Ահա  այս հարցին նախարարը չի պատասխանել:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ: Այս հարցով ՍԴ-ի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 28-ին: