Բավ է պառակտվել
01-03-2014 14:14

Ապրիլին ՄՄ-ին միանալու համար «Ճանապարհային քարտեզով» մշակված գործընթացը կավարտվի

Հայաստանն ապրիլի կեսերին կավարտի Մաքսայի միությանը միանալու համար «Ճանապարհային քարտեզով» մշակված գործընթացը: Դրան զուգահեռ համապատասխան համաձայնագիր է պատրաստվում, մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Պետք է ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը համաձայնության գան դրա շուրջ, որից հետո այն ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ առայժմ դժվար է հստակ ասել, թե երբ դա կլինի, գրում է Tert.am-ը:
Հարցին, թե ինչ լեզվով է լինելու ՄՄ-ին՝ Հայաստանի անդամակցելու մասին համձայնագիրը, փոխարտգործնախարարը պատասխանել է, թե կոնկրետ որոշում դեռևսչկա, բայց մի բան հաստատ է՝ մինչև ԱԺ ներկայացնելն այն կթարգմանվի:
«Բուն պայմանագիրը, հավանաբար, կլինի կամ ՄՄ անդամ երկրների, կամ ընդունված միջազգային լեզվով` ռուսերենով»,- ասել է նա՝ նշելով, որ դրան կցվելու է այն միջազգային պայմանագրերի ցանկը, որին Հայաստանը միանում է, գրում է Panorama.am-ը:
Հարցին, թե ինչու է Հայաստանն այսպես շտապում դեպի Մաքսային միություն, Քոչարյանն ասել է, թե եթե ընտրել ենք որոշակի ուղի, ապա ամեն ինչ պիտի հնարավորինս արագ արվի, բայց ոչ որակի հաշվին:
Ասուլիսին ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին նշել է, որ հարցն արագացման մեջ չէ, պարզապես Հայաստանը մինչև որոշումը կայացնելը լուրջ ու երկար ճանապարհ է անցել:
«6 տարի է` ոլորտում բարեփոխումներ ենք անում ու հիմա դրանք հնարավորություն են տալիս, որ մեր օրենքներում առանց լուրջ փոփոխությունների միանանք ՄՄ-ին: Օրինակ` կան օրենքներ, որտեղ տեխնիկական կանոնակարգման մասով ընդամենը փոփոխում ենք երկու-երեք տող, քանի որ ամբողջ մեր կարգավորումը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ուստի ՄՄ-ին միանալը դառնում է շատ հեշտ»,- նշել է Մինասյանը:
Քոչարյանն էլ նկատել է, թե կան ոլորտներ, որտեղ Հայաստանն ավելի առաջ է, քան ՄՄ անդամ երկրները:
Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից ՄՄ-ին ու միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու համար ստեղծված աշխատանքային խումբը հետևում է «Ճանապարհային քարտեզով» սահմանված բոլոր միջոցառումներին․ նրա խոսքով, նախատեսված միջոցառումների մոտ 50 տոկոսն արդեն արվել է: Ասում է՝ օրերս հերթական նիստն էր, որտեղ որոշ խնդիրներ են քննարկել:
«Վերջին երկու ամիսներին Հայաստանն իրականացրել է 70-ից ավելի միջոցառում: Դրանք արվել են ԵՏՀ-ի և այլ երկրների հետ համատեղ, և բազմաթիվ այցելությունների ընթացքում տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ են կատարվել: Արդյունքում արձանագրություն է կազմվել, թե ինչ վիճակում է Հայաստանի մաքսային դաշտն ու մնացած ոլորտները»,- ասել է փոխնախարարը:
Նիստին արձանագրվել է, որ մինչև մարտի վերջ պետք է ավարտվեն դեռևս չպարզաբանված բոլոր հարցերով համատեղ կոնսուլտացիաները:
ԵՏՀ-ին ներկայացված երկու որոշումից մեկը կքննարկվի մարտի 4-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:
Մանսավորապես, փոխվարչապետերի մակարդակով քննարկվելու է ՄՄ-ին Հայաստանի միանալու, այսինքն` «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցը: Իսկ մարտի 11-ին արդեն նախագահների մակարդակով Գերագույն եվրասիական խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի երկրորդ որոշումը:
«Եվ առաջին անգամ այդ որոշման մեջ կարձանագրվի, որ Հայաստանը սկսում է մշակել ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը»,- ընդգծել է Մինասյանը:
Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն նախօրեին «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» խորագրով կլոր սեղան է անցկացրել, որի շրջանակում հնչել են փորձագիտական կարծիքներ ու ոլորտի պատասխանատուների հիմնավորումները ՄՄ-ին անդամակցության պարագայում գազամատակարարման ոլորտի վերաբերյալ:
Ինչպես Panorama.am-ին ասել է ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, կլոր սեղանի նպատակն էր մասնագիտական այնպիսի մակարդակով քննարկում անցկացնել, որը կկարողանար հասարակության համար պարզ դարձնել թվերն ու տնտեսագիտական հիմնավորումները, որոնց վրա կառուցված է Հայաստանում գազի քաղաքականությունը:
«Գազը Հայաստանի տնտեսության երակը, արյունն է, ու դրա համար այն ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում արտահանման ամենաէժան գնով, դրանից ավելի էժան գազ է ստանում միայն Բելառուսը` իբրև միութենական պետություն: Այս իրողության դրա վրա է հիմնված ապագա Եվրասիական միությանն և այսօրվա Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ տնտեսական դրդապատճառներից մեկը»,- նշել է Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցությունից հետո գազամատակարարման ոլորտում հինգ տարվա ընթացքում տնտեսական էֆեկտը մոտ 2 մլրդ դոլար կկազմի, որից 1 մլրդը կարող են լինել այն շահույթները, որոնք ստացվել են առանց մաքսային արգելքների գործակցության կոնտեքստում:
Բացի այս, Սաֆարյանը նաև նշել է, որ դա կփրկի Հայաստանի գազային համակարգը, որն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։