02-03-2017 13:05

ICMPD-ն Հայաստանին կտրամադրի 4 մլն Եվրո՝ իբրև օգնություն, միգրացիոն խնդիրները լուծելու համար

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD) Հայաստանին իբրև օգնություն կտրամադրի 4 մլն Եվրո՝ տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով. Այդ մասին հայտնել է ICMPD թիմի ղեկավար Կարել Հոֆսթրան:
« Մենք Եվրամիության կողմից ֆինանսավորվող, միգրացիայի գծով և սահմանների կառավարման եռամյա ծրագիր ենք իրականացնում», - Հայաստանի սահմանապահ ծառայության վարչական շենքի անհրաժեշտ սարքավորումներով համալրված լսարանի բացմանն այս մասին հայտարարել է Հոֆսթրան:
Նա հայտնել է, որ լսարանի վերանորոգման և հատուկ տեխնիկայով արդիականացման վրա ծախսվել է մոտ 116 հազ. Եվրո:
Հոֆսթրան նաև հավելել է, որ տվյալ ծրագիրը կարող է նպաստել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին՝ առանց վիզայի ռեժիմ ստացած այլ երկրների օրինակով:
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD) հիմնադրվել է 1993թ.՝ Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ՝ իբրև ոչ պաշտոնական կոնսուլտացիաների աջակցության մեխանիզմ, ինչպես նաև միգրացիայի և ապաստանի հարցերով մասնագետներ ներգրավելու և համեմատական քաղաքական հետազոտություններ իրականացնելու նպատակով: