20-01-2014 14:29

Հրանտ Բագրատյանը՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին։

 Գրառման մեջ ասվում է հետևյալը.

 «Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում, ԱԺ-ում, քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։

 Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել Կառավարությունը։ Սահմանադրական դատարանը, կարծում եմ, չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»։ Այնքան ճչացող է հիմարությունը։

 Բայց ափսոս է այս հիմարությունը։ Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կա՞։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք»։