Բավ է պառակտվել
20-06-2014 20:43

Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել ստվերային բիզնեսը կրճատելուն

 Վարչապետը Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ստվերի կրճատմանը: Ըստ նրա՝ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: «Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր և միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, և տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: «Մենք լինելու ենք հետևողական և կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,- հավելել է վարչապետը:
Անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ և պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: «Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր օրինագծով սահմանվող պարտադիր սոցիալական վճարը հուլիսի 1-ից նախատեսվում է կիրառել պետական հատվածի 200 հազարից ավելի աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կառավարությունը շուտով բարձրացնելու է: Մասնավորապես, այդ նպատակով հատկացվել է 38 միլիարդ դրամ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ և ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն: