20-09-2014 20:02

ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 4.1 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով, իսկ 2013թ-ի օգոստոսի համեմատ` 4.2 %-ով: Ամսական կտրվածքով՝ օգոստոսը հուլիսի համեմատ, ՏԱՑ-ը աճել է 19.7%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, որտեղ գրանցվել է 3.9% անկում։ Այսպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,9 տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում` 4,9%-ով, իսկ շինարարության ծավալն աճել է 0,4%-ով:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2014թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,1%-ով, իսկ այս տարվա հունվար-օգոստոսին` 5,7%-ով:
Այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա համեմատ 11,2%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ հունվար-օգոստոսին աճը կազմել է 6,6 %: Ըստ ԱՎԾ-ի` սպառողական գները հունվար-օգոստոսին աճել են 3,1%-ով, իսկ մեկ տարում` 0,8%-ով:Արտաքին առևտրաշրջանառությունը օգոստոսին աճել է 0,3%-ով, հունվար-օգոստոսին` 3,1%-ով, իսկ ամսական կտրվածքով նվազել է 18,7%-ով: Օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 9,2%-ով նվազել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները աճել են 4,2%-ով:
Հունվար-օգոստոսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 9,3%-ով, իսկ մեկ տարում` 7,7%. պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 143 հազ. 657 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 195 հազ. դրամ:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` ամսական կտրվածքով միջին ամսական աշխատավարձը նվազել է 3,7 տոկոս, ընդ որում` պետական համակարգում` 5,9 %-ով, մասնավոր հատվածում` 1,4%-ով: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը աճել են: