05-02-2014 19:05

ՀՀ Կառավարությունը Սահմանադրական Դատարանի որոշումը չի՞ կատարում

Այսօր, ՀՀ ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամին, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ փստորեն ՀՀ Կառավարությունը չի կատարում ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը, ինչը վերաբերում է ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի կասեցմանը: Նա նշեց, որ Սահմանադրական Դատարանն այդ որոշմամբ հնարավորություն է տվել գործատուներին չվճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարը, իսկ Կառավարության որոշմամբ ու ՊԵԿ-ի հանձնարարությամբ չի տրվում այդ հնարավորությունը: Ստացվում է այնպես, որ ՍԴ-ի որոշումը ՀՀ Կառավարությունը չի կատարում: ՛՛Ի վերջո ծրագրում փոփոխություն կատարվելու՞ է, թե՞ ոչ՛՛,-հարցրեց Մինասյանը:
ՀՅԴ պատգամավորի հարցին ի պատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը մի քանի տարիների ընթացքում է մշակվել, և այդ համակարգի տեխնիկական բնութագիրը հաստատված է Կառավարության կողմից: Ըստ նրա, փոփոխությունների համար անհրաժեշտ է 3 ամիս, քանի որ հարկավոր է հանգամանալից մշակում:
՛՛Այնպես չէ, որ այսօր որոշեցինք, վաղը կարող ենք փոփոխել: Դրա անհրաժեշտությունն էլ չկա: Նաև Կառավարության որոշման մեջ նման բան չի նախատեսվում, չկա դրույթ որով պետք է հարցը կարգավորվեր ու չի կարգավորվում»,-հավելեց նախարարը:
Իսկ Արծվիկ Մինասյանի հավաստմամբ Սահմանադրական Դատարանի որոշումից հետո Կառավարությունը պիտի նախաձեռներ այնպիսի փոփոխություններ, որպեսզի մարդիկ անհարմար իրավիճակներում չհայտնվեին:
Արտեմ Ասատրյանն իր հերթին ընդգծեց, որ Կառավարությունը օրենսդրություն չի խախտել և պահպանում է դրանք: Ըստ նրա 10 տարի իրականացված աշխատանքների արդյունքում կատարած բարեփոխումներ են դրանք, որոնք մեր հետագայի մասին կարևոր նշանակություն ունեն: Չի կարելի նման թեթևությամբ խոսել:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» վիճահարույց օրենքի որոշ դրույթների կիրարկումը: Դրանցից մեկը վերաբերում էր պարտադիր վճարներ չկատարելու համար պատասխանատվության կիրառմանը: Այնուհանդերձ, հաշվետվությունների էլ. համակարգում այդ կետին հատկացված է պարտադիր լրացման դաշտ: