Բավ է պառակտվել
18-02-2014 13:09

ՀՀ Էկոնոմիկայի փոխնարարը՝ ՄՄ-ի անդամակցությունից հետո ներկրվող ապրանքների մաքսազերծման մասին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արդեն կազմել է այն ապրանքների ցուցակը, որոնց մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության պարագայում, սակայն կլինեն ապրանքներ, որոնք բացառություն կկազմեն:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ցուցակն արդեն ներկայացված է ռուսական կողմին, ապա ավելացրեց, որ ավելորդ է ներկա փուլում խոսել այն մասին, թե որքան կկազմի գնաճը ՄՄ–ին անդամակցությունից հետո:

«Մենք ունենք որոշում, որ լինելու են բացառություններ, բացառվում է, որ բացառություններ չլինեն, որովհետև դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Մաքսային դրույքաչափերի համակարգը հիմնված է Ռուսաստանի դրույքաչափերի վրա, իսկ դրանք մինչև 2019-2020թ-ը իջեցվելու են: Այսինքն՝ կան ապրանքներ, որոնք մեխանիկորեն իջնելու են, բայց կան նաև այնպիսի ապրանքներ, որոնք իջնելուց հետո անգամ ավելի բարձր կլինեն, քան դրանք ներկայումս կան Հայաստանում: Սա բանակցությունների մեր թեման է, դրա համար էլ մանրամասն քննարկելու ենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, նախարար Վահրամ Ավանեսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր, որ ցանկացած պարագայում ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում գնաճը 1.5%-ով միայն կարող է ավելանալ, Գարեգին Մելքոնյանը բացատրեց նախարարի ասածի տրամաբանությունը։

«Նախարարի նշած թիվը հետևյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, և երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ ՄՄ-ի դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր: Այդ երկու թվերի տարբերությունը կազմում է 140 մլն դոլար, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի»,-բացատրեց փոխնախարարը:

Հարցին, թե ավտոմեքենաները ևս ընդգրկված են այդ ապրանքների ցուցակում, փոխնախարարն ընդգծեց, որ ներառված են, սակայն միաժամանակ ավելացրեց, որ այն ապարանքները, որոնք կներառվեն բացառությունների ցանկում, դրանց դեպքում գործելու են նախկին դրույքաչափերը։

«Ու չեն կարող վերաարտահանվել ՄՄ երկրներ: Որպեսզի վերաարտահանվեն ՄՄ երկրներ, պետք է վերամաքսազերծվեն»,- ասաց նա՝ նշելով որ այս խնդրի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք շուրջ պետք է բանակցեն ՄՄ-ի հետ: