02-09-2014 13:51

Հայկական ծիրանը Ռուսաստանում բրենդ է

Օգոստոսի 20-ին փլուզման հետևանքով փակվել էր «Վերին Լարս» հսկիչ անցակետը: Իսկ թե որքանով այս ճանապարհի անանցանելիությունը վնասներ հասցրեց գյուղապրանքների արտահանմանը, դեռևս հստակ հաշվարկներ արված չեն, սակայն , ըստ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի, ապրանք և քաղաքացիներ տեղափոխողների համար բնականաբար մի շարք կորուստներ են եղել, նման իրավիճակներից խուսափելու համար, բանախոսը հորդորում է ռուսական, վրացական և հայկական կողմին պայմանավորվածություն ձեռք բերել թունելի կառուցման հարցում: Իսկ ինչ վերաբերում է հայկական գյուղմթերքների՝ Ռուսաստան արտահանմանը, Սաֆարյանը նշում է, որ հայկական կեռասը, ծիրանը և դեղձը բավականին մեծ պահանջարկ ունեն, ուստի ՀՀ կառավարությունը պետք է որակյալ բերք ստանալու և արտահանման հարցում ջանք չխնայի:
Հայ գյուղացին այսօր կանգնած է իր մթերքը արտահանելու խնդրի առաջ, ուստի նրանցից շատերն անգամ չեն էլ ցանկանում իրենց հողերը մշակել, սակայն ներդրումային ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի ջերմոցային տնտեսությունը զարգացնել, այսպես է կարծում Սաֆարյանը, ըստ նրա եթե Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք արտահանվի, ապա այն չպետք է ընդհատումներով լինի: Սակայն արտահանման հետևանքով հայ սպառողը կարող է կանգնել տեղական ապրանքը թանկ գներով ձեռք բերելու խնդրի առաջ, Սաֆարյանը ՀՀ կառավարությանը հորդորում է առաջին հերթին լուծել սեփական սպառողի շահերի հարցը, այնուհետև մտածել մեծ ծավալներով արտահանման մասին: Իսկ ինչ վերաբերում է հայկական գինու արտահանմանը, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահին վերջինիս ծավալներն այնքան էլ չեն գոհացնում:


Բանախոսը հիշեցնում է, որ Եվրոպական երկրներից Ռուսաստան գյուղմթերք չի ներմուծվում, սա լայն հնարավորություն է մեզ համար, առիթը չպետք է բաց թողնել: Մենք ունենք մոտ 140 հազար չմշակված հողատարածքներ, հարկավոր է ստեղծել կորպորացիաներ և արդյունավետ օգտագործել այդ տարածքները, հորդորում է Սաֆարյանը ու նշում, որ մեր գյուղմթերքը դարձել է բրենդային, օրինակ՝ Ռուսաստանում ուզբեկական ծիրանի վրա գրում են հայկական, այդ դեպքում վաճառքը կրկնակի աճում է, քանի որ հայկական մրգերի համն ու հոտն ուրիշ է և ցանկալի օտարերկրացիներին: