Բավ է պառակտվել
26-02-2014 16:12

Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարել

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը նշեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու համար մշակված ճանապարհային քարտեզի՝ էներգետիկային վերաբերող 18 կետերի շուրջ 70%-ն արդեն ավարտված է:

՛՛Մինչ 2018թ-ը Վրաստանում պետք է կառուցվի բարձրավոլտ էլեկտրագիծ և տարանցիկ ճանապարհով Ռուսաստանի հարավային տարածքներին Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա մատակարարի՛՛,-ասաց Իսայանը և փաստեց, որ մենք հնարավորություն չունենք մեր էներգահամակարգով անմիջական կապ ունենալ ՄՄ երեք անդամ երկրների հետ: Դրա համար մենք պետք է բարձրավոլտ էլեկտրագծերի ստեղծման հնարավորություն ունենանք:

՛՛Աշխատել ենք Վրաստանի հետ երկար տարիներ, երբ դեֆիցիտ են ունեցել, էլեկտրաէներգիա ենք մատակարարել։ Պետք է սկսենք բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցել, որը ուժեղացնելու է մեր գիծը Վրաստանի հետ: Այդ պայմաններում կկարողանանք մեր էլեկտրաէներգիայի ավելցուկը տեղափոխել Ռուսաստան՛՛,-նշեց Իսայանը:
Ըստ նրա Վրաստանը չի հրաժարվի տարանցիկ ճանապարհ դառնալու առաջարկից, քանի որ դա իր համար ևս շահավետ է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանն այնքան էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի՞, որ Ռուսաստանին մատակարարի, փոխնախարարը պատասխանեց, որ անգամ այս պահին այդ պոտենցիալը կա Հայաստանում:

Անդրադառնալով նավթամթերքին, փոխնախարարը նշեց, որ ՄՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը այն կներկրի ՄՄ անդամ երկրներից, քանի որ երրորդ երկրից ներկրելու դեպքում այն կլինի թանկ, քանի որ ի տարբերություն ներկայիս, մաքսատուրք կսահմանվի: Հարցին, թե արդյոք Ռուսաստանից նավթամթերքի ներկրումը ավելի թանկ չի արժենա, քան ներկայիս գինն է, փոխնախարարը պատասխանեց. «Դժվար է հիմա ասել, ժամանակը ցույց կտա, բայց եթե իմ անձնական կարծիքը ասեմ, կարծում եմ, որ կարող է էժանանալ»: