Բավ է պառակտվել
06-10-2015 13:07

Հայաստանը կարող է առաջ անցնել Բելոռուսից. Հ. Բերբերյան

Օրեր առաջ կայացել է հայ և վրացի ֆերմերների հանդիպումը, և տեղի ունեցած սեմինարի ընթացքում եղել է փորձի փոխանակում: Հայկական Ագրարագյուղացիական միավորման նախագահ՝ Հրաչյա Բերբերյանը այսօր խոսելով այդ մասին, ասաց, որ ինքը բարձր է գնահատում այս սեմինարը և մեծ սպասելիքներ ունի դրանից:
«Հաջորդ տարի օգոստոսին Հայաստանում կկազմակերպվի կարտոֆիլի միջազգային սեմինար, որին կմասնակցեն Իրանը, Իրաքը և եվրասիական երկրներ»,- նշեց Հ. Բերբերյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի հանդես գալ որպես կարտոֆիլի սերմ արտադրող և արտահանող առաջատար երկիր:
«Մենք կապացուցենք, որ Բելոռուսից ավելի լավ սերմ ենք արտադրում:Եթե Բելոռուսից 1000 եվրոյով են գնում սերմը, ապա մեզանից կգնեն կես գնով՝ 500 եվրոյով»:
Նա նշեց, որ եղանակային պայմաններից ելնելով կարտոֆիլի բերքի կորուստ է գրանցվել, ինչի արդյունքում գնաճն անխուսափելի է.
«10-15% բերքի կորուստ է եղել, հնարավոր է, որ ցածր գոտիներում, որտեղ մեկ շաբաթ 35 աստիճան շոգ պահպանվեց, կարտոֆիլն այլևս որպես սերմնացու օգտագործել չի լինի: Գյուղացիները թող դիմեն մեզ, որպեսզի ասենք, թե որտեղ է լավ սերմնացուն, որ այդտեղից գնեն և ապագայում լավ բերք ստանան»,- ասաց մասնագետը:
Ինչ վերաբերվում է Խաղողի մթերմանը, ապա նա նշեց, որ դրա համար դեռ 10 օր կա.
«Այս տարի 10-15% ավել բերք ունենք՝ անցած տարվա համեմատ: Ռուսական շուկան այսօր չի կարողանում մեր արտադրանքը գնել, բայց եկող մեկ-երկու տարում, հավանաբար վիճակը կկայունանա»:
Հ. Բդերբերյանը նկատեց, որ այս տարի մենք ձախողեցինք նաև լոլիկի արտադրությունը. «Մենք տոմատի մածուկ արտադրող երկրից դառել ենք ներմուծող երկիր: Լոլիկի մածուկի արտադրությունը պետք է խթանել եկող տարի, քանի որ այն շատ շահութաբեր է»- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Մարինե Բարսեղյան