26-09-2014 12:40

Ըստ ընդդիմադիր պատգամավորի Հայաստանը հարսանիքի փոխարեն ընկերովի մահվան է գնում

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի միանալուն, նշեց, որ Հայաստանը պետք է, նախ վերաբանակցի Ռուսաստանի հետ, քանի որ սանկցիաների մեջ գտնվող երկրի հետ պայմանագիր ստորագրելը կնշանակի «ընկերովի մահ»: Բացի այդ, նա հույս հայտնեց, թե այդ պայմանագիրը երբեք չի ստորագրվի:
«Մեր պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, բայց զարգացումն այլ բան է ցույց տալիս: Ես ասում եմ` սկզբում մաքսակետ, հետո սահման, հետո ռուսական զորքեր: Դա կբերի Ցեղասպանության: Սա լավ առիթ է, որ մենք վերանայենք մեր կարծիքը եւ մեր գործընկերներին ասենք, որ պետք է վերանայել, մենք դեմ ենք դրան: Եթե նման պայման դրվի, ապա մենք էլ պետք է առաջարկենք, որ Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ էլ մաքսակետ տեղադրվի: Այս պահին կա հնարավորություն` վերաբանակցելու: Մեկ տարի առաջ մենք նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր Ռուսաստանը սանկցիաների տակ է, միայնակ է մնացել:Մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ, բայց իրականում պետք է ընկերովի հարսանիքի գնալ»,- ասաց պատգամավորը:Նշենք, որ հոկտեմբերի 10-ին նախատեսվում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը: