Բավ է պառակտվել
09-07-2014 15:12

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի 2015թ-ի հունվարի 1-ին. Ա. Բաղդասարյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Ըստ նրա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրատեսական ժամկետը 2015թ. հունվարի 1-ն է:

Նա վստահ է, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին տեղի կունենա: «Բայց ես նույնքան վստահ եմ, որ անդամակցումը պետք է իրագործի ուժեղ թիմը, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան: Ցավոք, չեմ տեսնում այն թիմը, որը կարող է ապահովել ոչ միայն անդամակցումը, այլեւ փոխգործակցության հետագա գործընթացը, որը վերաբերում է տնտեսությանը: Լուրջ թիմ է պետք՝ կազմված տարբեր նախարարությունների ներկայացուցիչներից», - ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: Ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում գիշեր-ցերեկ Հայաստանի մասին չեն մտածում: «Մենք պետք է լինենք ակտիվ, նախաձեռնող, ներկայացնենք մեր տեսակետները, գաղափարները գործընկերների հետ բանակցություններում», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը , ըստ նրա, կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով. Հայաստանի ներքին փոփոխությունները, իշխանության ներքին վերաբաշխումը: «Եղան նաեւ սուբյեկտիվ գործոններ ԵՏՄ անդամ երկրների կողմից»,- հիշեցրել է Բաղդասարյանը:

Նշենք, հուլիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, համենայն դեպս, քաղաքական որեւէ խնդիր չկա: Ըստ նրա` պայմանավորվածություն է եղել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հուլիսի 3-ին պետք է հանդիպեն, սակայն այդ հանդիպումը տեղի չի ունեցել: Վարչապետը, սակայն, վստահություն է հայտնել, որ մինչեւ տարեվերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի: