Բավ է պառակտվել
11-10-2014 12:03

Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում, հոկտեմբերի 10-ին, ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը` Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի եւ արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, եւ մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ:

Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:

Անկախության 23 տարիների ընթացքում, իհարկե, շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավել ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու համար եւ բավականաչափ կազմակերպված է՝ առկա խնդիրները լուծելու համար: Այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյա երազանքի երկիրն է, որ հաջողվել է ստեղծել, բայց, անշուշտ, այն դեռ լիովին չի ապահովում ապագայի այն պատկերացումը, որը մենք միասին մեզ համար ընտրել էինք: Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք ունենք եւ այդ ճանապարհին դեռ շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու: Միասի՛ն լուծելու. նույն ոգեւորությամբ, նույն միակամությամբ ու միասնությամբ, որով ընտրել ենք մեր ապագան, անկախ երկրի ու հպարտ ժողովրդի ապագան:

ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին եւ պետության ամուր թեւի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման եւ արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, եւ այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինձ համար պատիվ է խոսել այսպիսի հարգարժան լսարանում: Ամերիկահայ համայնքն, իհարկե, առանձնահատուկ տեղ ունի հայրենիք-սփյուռք հարաբերություններում: Այստեղ մենք ունենք աշխարհում ամենակազմակերպված եւ ամենաազդեցիկ համայնքներից մեկը, որով իսկապես հպարտ ենք: Կարծում եմ՝ այս հանգամանքը լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում, եւ դրա գիտակցումը մենք տեսնում ենք թե՛ ամերիկահայ գործիչների, թե՛ կազմակերպությունների եռանդուն գործունեության մեջ:
Հայաստանի անկախության վերահաստատումից հետո ԱՄՆ-ի հետ փոխադարձ վստահության եւ հարգանքի հիման վրա ձեւավորվեցին միջպետական ամուր կապեր: Այսօր մեր երկկողմ հարա¬բերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ունենք փոխգործակցության եւ արդյունավետ շփումների պատկառելի ծավալ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ եւ ընթանում սերտ գործընկերության ոգով:
Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին իսկ օրերից ցուցաբերել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ ազատ տնտեսության հաստատմանն ուղղված ջանքերին: Բարձր ենք գնահատում այն կարեւոր ծրագրերը, որոնք Հայաստանում 1992 թվականից ի վեր իրականացնում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը: Երախտապարտ ենք ամերիկյան օրենսդիրներին Հայաստանին եւ Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար: Եվ, իհարկե, երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում իրենց կարեւոր եւ տեսանելի դերակատարության, Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:
Հայ-ամերիկյան բարեկամությունը հարատեւ է, քանի որ հիմնված է Հայաստանի եւ ԱՄՆ ժողովուրդների դավանած միեւնույն արժեքների վրա: Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հուզող կարեւորագույն հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, եւ այդ հանգամանքը նոր հնարավորություններ է տրամադրում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության սերտացման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ ԱՄՆ Արեւելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հորդորում էր բոլորին հաճախ լինել Հայաստանում եւ վերադառնալով՝ տեսածը պատմել հնարավորինս շատ մարդու, այդ թվում եւ ոչ հայերի: Պատմել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության, սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ արցախցու անբեկանելի իրավունքի մասին, Թուրքիայի բազմերես դիվանագիտության ու Հայոց հարցի մասին, բայց նաեւ պատմել այսօրվա Հայաստանի մասին, նրա հարմարությունների, գրավչության եւ ձեռքբերումների մասին: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան բացասական տեղեկատվություն կա տարածված Հայաստանի եւ հայկական իրականության մասին: Դրա մի մասն, անշուշտ, կատարյալ անմտություն է, ինչի տարածման վրա միլիոններ է ծախսում «աշխարհի ամենադեմոկրատ երկրներից մեկը»՝ Ադրբեջանը: Նրանից, իհարկե, հետ չի մնում նաեւ իր եղբայր Թուրքիան: Այս ամենը բոլորս շատ լավ հասկանում ենք:

Սիրելի բարեկամներ,
Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար եւ ամեն հաջորդ օրը ավելի լավն է լինելու: Հայաստանը շատ լավ երկիր է ու վաղն էլ ավելի լավն է լինելու: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, հայի տունը, ուրեմն նրանից ավելի ջերմ ու հարազատը չկա: Միասին մենք այն նաեւ ազատելու ենք այսօր առկա բոլոր խնդիրներից ու զարգացման խոչընդոտներից: Հորդորում եմ բոլորին՝ չկասկածել դրանում»: