Բավ է պառակտվել
05-05-2014 14:48

Հայաստանում կարտոֆիլը, գազարը և կաղամբը թանկացել են

2014թ. ապրիլին Հայաստանում գնաճը հիմնականում խթանել են բանջարեղենն ու կարտոֆիլը: Այսօր, լրագրողներին հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ի համեմատություն մարտի՝ ապրիլի գնաճը կազմել է 0,5%: Բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճային ազդեցությունը կազմել է 0,6%: Այլ կերպ ասած, դրանց թանկացում չլինելու դեպքում կգրանցվեր 0,1% գնանկում: Այսինքն` բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճը կազմել է 5,4%:

Պարենային ապրանքների, ալկոհոլի եւ ծխախոտի գնաճը կազմել է 0,9%: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,1%, ծառայությունների սակագները աճել են նույնքան:

Ինչ վերաբերում է բանջարեղենին եւ կարտոֆիլին, ապա մարտ-ապրիլին դրանց 5,4% գնաճը հիմնականում պայմանավորված է կարտոֆիլի (21,8%), գազարի (52,9%), կաղամբի (62,6%) թանկացմամբ: Միեւնույն ժամանակ իջել է վարունգի (27,1%) եւ կանաչեղենի (18,5%) գինը:

Մարտիրոսյանը նշել է, որ կաղամբի եւ կարտոֆիլի դեպքում խոսքը հին բերքի մասին է, քանի որ թարմ բանջարեղենը սպառողական զամբյուղում զգալի կշիռ է ձեռք բերում մայիսի վերջին շաբաթում: