Բավ է պառակտվել
15-04-2014 16:38

Հայաստանում ձկնարտադրողներն էլ ՛՛խեղճացան՛՛, լիցենզիայի համար պետք կգա 15 մլն դրամ

Հայաստանում ձկնարտադրողները շատ լուրջ խնդիրներ ունեն լիցենզավորման հետ կապված, այսօր, ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն՛՛ ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Ըստ նրա գյուղմթերքը լիցենզավորման ենթարկելն անթույլատրելի է: ՛՛Մենք այսպիսով, անիրատեսական, անհիմն պատճառաբանություններով հակադարձում ենք միջազգային մի շարք կազմակերպությունների այն պնդումներին, որ գյուղմթերքը չպետք է լիցենզավորման ենթարկվի: Ձկնարտադրության համար օգտագործվող ջրերը տասն անգամ թանկացել են, սակայն իրենց որևէ մեկը որևէ կերպ չի բացատրում, թե ինչու է ջուրը թանկացել՛՛: Աթոյանը փաստեց, որ երբեմնի եկամտաբեր բիզնեսը դարձել է անեկամտաբեր: Ձկնարտադրողներից շատերը որոշել են թողնել այդ գործը: ՛՛Լիցենզիան շատ թանկ արժե՝ 15 միլիոն դրամ, և հենց այն կիրառվի, ձկնաբուծական տնտեսությունների մոտ 80 տոկոսը կփակվի: Այդ վերահսկողությունը հիմա էլ կա. ձկնաբուծական տնտեսություններն ամեն տեսակ հսկողությունների հիմա էլ ենթարկվում են՛՛,- նշեց ՀԿ-ի նախագահը: Պատասխանելով հարցին, թե կա սպառնալիք, որ լիցենզավորումը պարտադրելով իշխանություններն ուզում են մի քանի հոգու ձեռքը կենտրոնացնել այդ բիզնեսը, Արթուր Աթոյանն ասաց, թե կա այդպիսի սպառնալիք, դրա համար իրենք անհանգստություն են հայտնել երկրի Նախագահին և Կառավարությունը: ՛՛Մենք ասել ենք, որ այդ միջոցառումները գիտական հիմնավորումներ չունեն: Նախագահից խնդրել են դադարեցնել գործընթացը, մինչև այդ հարցի շուրջ լուրջ քննարկումներ չլինեն: Ցանկանում ենք համատեղել և՛ ջրի խնայողությունը, և՛ խթանել ձկնարտադրությանը՛՛,-նշեց Աթոյանը ու հավելեց, որ իրենք ոռոգման ցանց չունենք, այն վնասված է, և հաճախ տարածքները չորանում են ջուր չունենալու պատճառով: