Բավ է պառակտվել
04-03-2014 13:31

Հայաստանում չի հաջողվում ապահովել հավասար, արդար ու մրցակցային տնտեսական դաշտ. ՀՀ վարչապետ

Այսօր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը նշել է, որ տնտեսական աճի ապահովման թիվ մեկ առաջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, որը ՀՀ կառավարությանը չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում:
Վարչապետը հավելել է, որ զեկույցում այս խնդիրը ներկայացվում է, և ինքը կարծում է, որ սա ամենակարևորագույն խնդիրն է և Կառավարության համար առաջնահերթություն:
Իր ելույթում Տիգրան Սարգսյանը հիշեցրեց Կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանացել պատգամավորների կողմից, միաժամանակ նրանց կողմից խնդիր էր դրվել, թե որն է այն չափանիշը, որ կարող էր գնահատել, որ 5 տարիներին Կառավարությունը հաջողություն է արձանագրում կամ ձախողում։

«Մենք արձանագրեցինք, որ համար մեկ խնդիրը լինելու է մրցակցային արդար դաշտի ձևավորումը։ Եթե մենք կարողացանք այս ոլորտում էական առաջընթաց արձանագրել, կասենք, որ հիմանական առաքելությունն իրականացրել ենք, եթե ոչ, ապա կարող ենք ասել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է»,– ասաց նա։

«Ինչո՞ւ ենք հենց սա կարևորում, որովհետև հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է։ Մենք կարող ենք մեր մեքենայի բոլոր մասերը պատշաճ ձևով ներկայացնել, ունենալ մեքենայի վրա հիասքանչ մեխանիզմներ, բայց եթե շարժիչը չի աշխատում, մեքենան պիտանի չէ, իսկ տնտեսական համակարգի շարժիչը հավասար պայմաններն են»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ վարչապետի, ի տարբերություն վերլուծաբանների՝ ֆինանսական միջոցների արդունավետ վերաբաշխումն է։ «Այդ վերաբախշման արդյունքում մենք պետք է կարողանանք ՓՄՁ-ի խնդիրը լուծել»,-ասաց նա։

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կնշանակի միջին խավի ձևավորում, որը քաղաքական բովանադակություն ունի, այսինքն՝ առանց դրա ժողովրդավարական դեմոկրատական հասարակություն չի կարող ձևավորել։ «Իսկ շուկայական տնտեսությունն առանց դեմոկրատական հասարակության ապագա չունի, սրանք փոխկապակցվածության մեջ են»,- ասաց նա։

Երրորդ խնդիրն արդեն վարչապետը համարում է հենց ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը։ «Մենք կարիք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետների։ Եթե բիզնես միջավայրում չկա հավասար պայմաններ, և այդ մարդիկ տեսնում են, որ իրենց ինտելեկտուալ կարողությունները չեն կարող իրացնել, բնականաբար, դա բերում է բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթի»,- նշեց նա, ավելացնելով, որ առանց նման մասնագետների հնարավոր չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ։

Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաև այն մոդելը, որին տվել են նախապատվություն։ «Մոդելը հետևյալն է, առանց Կառավարության աջակցության հնարավոր չէ այս փակուղուց դուրս գալ։ Կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները, իսկ Կառավարությունը թող պատերազմ տա մեկ այլ դաշտում, այն է՝ միջավայրի ձևավորում»,-նշեց նա։

Վարչապետը նշեց, որ քննարկումների արդյունքում սկսել են իրականացնել իրենց քաղաքականության ծրագիրը։ «Քանի որ խնդիրները բազմազան են, մենք պետք է հասկանանք, որոնք են այն ոլորտները, որ ունենք ներուժ, և սկսենք իրականացնել արդյունաբերական քաղաքականության իրականացումը»,- նշեց նա և ավելացրեց, որ հարյուրավոր ուղղություններից բացահայտել են 11-ը, որոնք մի քանի հարաբերական առավելություններում համընկել են։

«Առաջին քայլը արեցինք և որոշեցինք Կառավարության համար գերակա ուղղություններ և որոշեցինք միասին գնալ առաջ, պետությունը ստանձնեց պարտավորություններ մասնավորի հետ, որը նախկինում չկար, հասկանալի է, ամեն մի ոլորտի համար պետք է սպեցիֆիկ գործիքակազմ»,- նշեց նա։
Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ արձանագրում են արդեն դրական տեղաշարժեր, ինչպես օրինակ՝ դեղագործական ոլորտում, ՏՏ ոլորտում, որտեղ աճն ակնհայտ է։

«Այս բնագավառում ունենք շուրջ 300 ձեռնարկություններ, որոնք էֆեկտիվ աշխատում են և նույնիսկ աշխարհում ունենք մեր ուրույն դերը։ Աշխարհի ՏՏ մասնագիտացման ոլորտում չիպերի դիզայնի բնագավառում Հայաստանն ունի 5%, դա երկու անգամ ավելի շատ է, քան կոնյակի տեսակարար կշիռն է համաշխարհային կոնյակի արտադրության մեջ, մեր ավանդական ճյուղի, որը հարյուր տարուց ավելի պատմություն ունի»,-ասաց նա։

Վարչապետը նաև կարևորեց անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան։ «Ինչո՞ւ է դա չափազանց կարևոր մեզ համար, որովհետև այդ կորպորացիաները բերում են շահույթ, միջավայր, պահանջում են ինստիտուցիոնալ լուծումներ, ստեղծում են մրացակցային հավասար դաշտ և պահանջում են պետությունից այդ հավասարությունը, որպեսզի լինեն նաև ՀՀ-ում»,- ասաց նա և նշեց, որ պետք է աշխատել մրցակցային դաշտում։