16-10-2015 12:21

Հայաստանում աղքատության ցուցանիշը չի նվազում

Այսօր աշխարհում 793 մլն մարդ ամեն օր սոված է մնում: Պարենի համաշխարհային օրվա շրջանակներում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պարենային ապահովության բաժնի պետ Անահիտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ պարենի համաշխարհային կազմակերպությունն այս օրը նշում է. «Ոչ մի սոված, զրոյական սով» կարգախոսով:
Բանախոսը նշեց, որ ՀՀ-ում բավական բարձր են ձու, ոչխարի միս, խաղող, կարտոֆիլ, բանջարեղեն, ձուկ և գարի ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները.
«2014թ.-ին ցորենի ինքնաբավության աստիճանը կազմել է 48.7%՝ նախորդ տարվա համեմատ 1.9% աճ է արձանագրվել: Դա պայմանավորված է ցորենի արտադրության ծավալների աճով:
Հայաստանում դեռևս ցածր է բուսական յուղ և թռչնի միս ապտանքային խմբերի ինքնաբավության աստիճանը»:
Մասնագտը նկատեց, որ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, պետք է նշել, որ այս ցուցանիշները բավական դրական են:
Ինչ վերաբերվում է պարենի մատչելիությանը մեր բնակչության համար, ապա Անահիտ Ավետիսյանը ասաց, որ աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2013թ-ին՝ 2012թ-ի հետ համեմատած գրեթե չեն փոփոխվել. « Աղքատությունը համարվում է պարենի մատչելիությունը բնութագրող հիմանական ցուցանիշ»:
Մասնագետը նշեց, որ 2014 թ. Ցուցանիշի տվյալները դեռ պատրաստ չեն.« 2013թ. աղքատության մակարդակը կազմում էր 32.0%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով ընդամենը 0.4%-ով: Ծայրահեղ աղքատությունը կազմում է 2.7%: Առօրյա հացը գրեթե 2.7% բնակչության համար այսօր խնդիր է»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան