Բավ է պառակտվել
23-05-2014 15:14

ՀՀ-ին վարկ կտրամադրվի՝ Կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտների համար

Այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից:

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը: