01-10-2015 14:30

Հավանական չեմ համարում, որ սակագին բարձրանա. Փորձագետ

«Քաղաքացիական ակտիվությունը այսօր Հայաստանում շատ ավելի մեծ կշիռ ունի, քան քաղաքական կուսակցությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը և նկատեց, որ եթե «Ոչ»-ի նախաձեռնությունները պառակտված չլինեին և միահամուռ գործեին՝ ավելի լավ արդյունքի կհասնեին.
«Քաղաքական աշունը թեժ կլինի, քանի որ Սահմանադրության փոփոխված տարբերակի հանրաքվեն է սպասվում:« Ոչ»-ի նախաձեռնությունը կանի ամեն ինչ, որպեսզի հասարակությունը դեմ քվեարկի, իսկ իշխող ուժը գործի դնելով իր լծակները կփորձի անցկացնել նախագիծը»,- նշեց նա և նկատեց, որ այսօր սպասելիքները միայն քաղաքացիական հասարակությունից են, որը այլևս չի վստահում քաղաքական ուժերին. «Իրենք շատ լավ հիշում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես իրենց հավաքեց, հետո տարավ աղոթելու»:
Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվության արդյունքներին, ըստ որի ասվում է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է, ապա Գ. Համբարյանը ասաց. «Առաջին փուլում ես այլ որոշում չէի էլ սպասում: Հիմա ևս մի բողոքի ալիք կբարձրանա, բայց ես հավանական չեմ համարում, որ ի վերջո էլեկտրաէներգիայի գինը կթանկանա, որովհետև իշխանությունները հիմա միայն նպատակ ունեն անցկացնել փոփոխված Սահմանադրության նախագիծը»:

Մարինե Բարսեղյան