Բավ է պառակտվել
15-03-2014 18:55

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
«Ձեր այցը միշտ նոր ազդակ է հաղորդում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերին և լավ հնարավորություն է դրանց մշակման ու իրագործման ընթացքը քննարկելու համար», - ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր Երևանում մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, և դա վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին: «Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել ևս Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարևոր է և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ միության բոլոր անդամ երկրների համար», - ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ վարչապետի՝ ՌԴ վարչապետի հետ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, և աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ, միգրացիոն, ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել և համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը: