04-02-2014 19:30

ՀՀ գյուղնախարարը ներկայացրել է գյուղերում իրականացվող պետական ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղնախարարությունից:
Շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարարն անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, ներկայացրեց գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Ոլորտի առաջնահերթությունների շարքում նախարարը հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Վասիլեն պատրաստակամություն հայտնեց, ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Ռումինիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը: Հանդիպման ավարտին, դեսպանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին փոխանցեց Ռումինիայի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Դ. Կոնստանտինի 2014 թվականի ապրիլի 1-4-ը Բուխարեստում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովին և ՊԳԿ-ի գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու հրավերը: Նախարարը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հայտնեց , որ հնարավորության դեպքում կմասնակցի համաժողովին: