Բավ է պառակտվել
01-03-2014 11:47

Գյուղացիներին ուղղված պետական օժանդակման ծրագրերը շարունակվում են

Գյուղացիներին ուղղված պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Այս մասին, փետրվարի 28-ին, Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նշված ծրագրերից նա առանձնապես կարեւորել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր եւ 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի եւս մի քանի համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:

Այնուհետեւ նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգեւատրել է Թաթուլ եւ Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին եւ Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության եւս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող անհատ ձեռներեց Արմեն Ղուկասյանի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300 քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000 կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը եւ՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից:

Գյուղացիների հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին , նշելով որ անչափ կարեւոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, եւ ներկայումս վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում: