Բավ է պառակտվել
04-08-2016 14:38

Նոր ընկերություն` Հայաստանում իրանական գազի ծավալն ավելացնելու համար

 Հայաստանի կառավարության որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն, որը կզբաղվի Իրանից բնական գազի ներկրման ընդլայնման հարցերով, կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը։

Նրա խոսքով` Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալների ընդլայնումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել գազամուղի ներուժը։ Ենթադրվում է, որ նոր ընկերությունը կհամակարգի գազի անմիջական առաքումներն ու արտահանումը։

Կառավարության որոշմամբ` ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Կառավարության որոշման նախագծում կսահմանվի ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 100 հազար դրամ` կազմված 100 հասարակ բաժնետոմսերից, յուրաքանչյուրը` 1000 դրամ նվազագույն արժողությամբ։

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն իր հայ գործընկեր Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստան առաքվող գազի ծավալը կավելանա երեք անգամ և կհասնի օրական երեք միլիոն խմ-ի։

Հայաստանն ավելացրել է իրանական գազ գնելու սեփական պահանջարկը, և 2018թ-ի վերջին Հայաստան առաքվող բնական գազի ծավալները կավելանան երեք անգամ` մեկ միլիոնից հասնելով օրական երեք միլիոն խմ-ի։

Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից Վրաստանի տարածքով, իսկ Իրան-Հայաստան գազամուղով մատակարարվող «կապույտ վառելիքը» վերամշակվում է էլեկտրաէներգիայի և հետ ուղարկվում Իրան։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։