07-03-2017 12:28

ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմանի ներդրումային հիմնադրամ ստեղծելու նախագիծը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը Բիշքեկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում քննարկել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու նախագիծը. Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
«Կողմերը քննարկել են հունվարին՝ Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, հայ-իրանական սահմանին՝ Մեղրու ազատ տնտեսական գոտի ռուսական ընկերությունների ներգրավման հնարավորությունները, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել է հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկու կառավարությունների ղեկավարները վերահաստատել են երկկողմանի դաշնակցային հարաբերությունների խորացմանն ու ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը:
Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու նախագիծը ներկայացվել էր 2017թ. հունվարին: Հիմնադրամի գործունեությունը ուղղված է լինելու այն ոլորտների ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, նպաստել ներմուծման փոխարինմանը և արդյունաբերական համագործակցության զարգացմանը: