Բավ է պառակտվել
14-03-2015 12:17

Միայն երկու ամիս է անցել. Նալբանդյանը՝ ԵՏՄ անդամակցության արդյունքների մասին

Մենք չենք կարող ձեւացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Այս մասին հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի պատճառո՞վ էր, որ Հայաստանը աջակցեց Ղրիմի անկախության հանրաքվեին: «Եթե նկատի ունեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, ապա մենք հակված չենք առավելություն տալու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկին՝ մյուս սկզբունքների նկատմամբ: Մենք չենք կարող ձեւացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ամեն դեպքում, ինքնորոշման իրավունքը ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ: Երբ համանախագահներն առաջարկում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը ընտրում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն` արհամարհելով մյուս երկուսը: Այս մոտեցումը չի կարող տանել կարգավորման»,-ասել է նախարարը: Հարցին, թե Արեւմուտքի-Ռուսաստան նոր սառը պատերազմը ազդեցություն թողնո՞ւմ է Հայաստանի վրա եւ արդյոք ՀՀ-ն ստիպված է ընտրություն կատարել բարեկամների միջեւ, Նալբանդյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ այլ պետությունների միջեւ խնդիրները բխում են որեւէ մեկի շահերից, լինի դա Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե այլ պետություն: Առճակատումը լուծումներ գտնելու լավագույն ճանապարհը չէ: Բոլոր խնդիրները կարող են լուծվել երկխոսության, բանակցությունների միջոցով, հենց այդ պատճառով մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկ 1 եւ Մինսկ 2 համաձայնությունները»: Ինչ վերաբերում է նրան, որ 2013-ի սեպտեմբերին Հայաստանը շատ անսպասելիորեն հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացումից՝ ԵՏՄ-ին միանալու պատճառով, որը դիտարկվում է որպես Վլադիմիր Պուտինի գործիք՝ իր վերահսկողության տակ պահելու նախկին Խորհրդային Միության պետությունները, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Միգուցե տեղյակ չեք, բայց Հայաստանը նախկինում էլ բազմաթիվ անգամներ արտահայտել է իր ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը: Մենք դա հրապարակայնորեն արտահայտել ենք նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով: Իրականում, Հայաստանը հրավիրված չէր՝ Մաքսային միության մաս կազմելու, եւ դա բացատրվում էր այն հանգամանքով, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության անդամ պետությունների հետ: Աշխատանքային հատուկ խումբ ստեղծվեց՝ Հայաստանի կառավարության, Եվրասիական միության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեց այն եզրակացության, որ հնարավոր է դառնալ Մաքսային միության, իսկ հետագայում արդեն՝ Եվրասիական միության անդամ՝ առանց ընդհանուր սահմանների առկայության: Այս եզրակացությունից հետո՝ 2013թ. սեպտեմբերին հաստատեցինք Միությանը անդամակցելու մեր ցանկությունը: Հաստատվեց ճանապարհային քարտեզ, եւ անցյալ տարեսկզբից սկսեցինք բանակցությունները: Դրանք ավարտվեցին եւ Հայաստանը ԵՏՄ անդամ դարձավ այս տարվա հունվարից»: Հարցին, թե բավարարվա՞ծ եք ԵՏՄ անդամակցության առաջին արդյունքներով, Նալբանդյանն արձագանքել է. «Միայն երկու ամիս է անցել: Եվրասիական միությանը անդամակցությունը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Այն դյուրացնում է մուտքը պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ ներգրավել, արտոնյալ կարգով օգտվել ռեսուրսներից, տրանսպորտային միջանցքներից, ապահովել ապրանքների, կապիտալի, ծառայությունների եւ մարդկանց ազատ տեղաշարժը: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են»: