21-06-2014 18:31

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:
Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:
Քննարկվել են նաև մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ խնդրի շուրջ մանրամասն զրույց է ունեցել ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում ՌԴ նախատեսվող այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պետությունը կանգնելու է ներքին արտադրողի կողքին և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ներդրումների իրականացման, այդ թվում գործարանները նորագույն տեխոնոլգիաներով համալրելու աշխատանքներում, նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում և պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները: