Բավ է պառակտվել
29-01-2016 15:56

«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար զեղչերը

Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել մոտ 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ։
 «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտնել են գործակալությանը, որ զեղչը կարող է վերականգնվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ 
2013 թվականին ռուսական կողմի և Enerco Enerji, Avrasya gaz, Bosphorus gas, Shell Enerji, Bati Hatti և Kibar Enerji ընկերությունների միջև ստորագրվել է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին համաձայնագիր։ Մնացած ծավալները գնում են «Էգե Գազ» և «Բոտաշ» ընկերությունները։ 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ցանկանում է վերսկսել Իսրայելից գազի մատակարարումները՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով: 
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։