Բավ է պառակտվել
20-02-2014 12:30

Գազի որակի ստուգման նպատակով կստեղծվի հանձնաժողով

ՀՀ Կառավարության այսօր նիստում որոշվել է գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ գազի կալորիականության խնդրին՝ նշելով, որ այն շարունակում է մնալ հասարակության հուզող խնդիրներից մեկը:

Նա նշեց, որ չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, շարունակվում են հարցերը, թե արդյոք կալորիականությունը փոխվել է: Այս հարցին ի պատասխան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից մտահոգություններ կան, թե գազի կալորիականությունը նորմայի սահմաններում չէ:
«Գազ սպառող խոշոր ընկերությունները ստուգել են կալորիականությունը և դրական ցուցանիշեր ներկայացրել, բայց այս ցուցանիշերը ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին»,– ասաց նա:

«Ես առաջարկել եմ գործարարներին համախմբվել և ձեռք բերել լաբորատորիա, որ կարողանան իրենք էլ չափել և համոզվել կալորիականության մեջ, բայց, ցավոք սրտի, նման քայլ չի կատարվել նրանց կողմից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներս նաև ֆերմերներն են բողոքում, ինչն ինքը պայմանավորում է ցուրտ ձմեռով:

Ռոբերտ Նազարյանն առաջարկեց ստեղծել մի հանձնաժողով, որտեղ անդամներ կներգրավվեն Հանրային խորհրդից, գործարարներից, որպեսզի հասկական, թե ուրիշ ինչ կարող են անել, որպեսզի հանրության մեջ վստահություն լինի գազի կալորիականության հարցում։

Վարչապետն ասաց, որ իրենց ներկայացրել են եզրակացություն, որով կալորիականության փոփոխությունն անհնար է: Ինչին ի պատասխան՝ Ռոբերտ Նազարյանն էլ ասաց, որ պետք է մտածել այլ մեխանիզմներ. «Այդ հանձնաժողովի դերը ես դրանում եմ տեսնում»:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, և այն ՀԿ-ները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, բոլորը, ովքեր ցանկանում են, կարող են մասնակցել այդ աշխատանքներին:

Իսկ Ռոբերտ Նազարյանին հանձնարարեց ներկայացնել գրավոր, թե որ կազմակերպություններն ու գերատեսչություններն է նպատակահարմար համարում ներառել այդ հանձնաժողովում։

Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանն առաջարկեց շարժական լաբորատորիա ստեղծել կալորիականության ստուգման համար, որն ընդունվեց վարչապետի կողմից: «Դա մեծ բան չէ, ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է»,- ասաց փոխնախարարը: