Բավ է պառակտվել
12-06-2014 16:16

Նոր արտոնություններ փոքր և միջին ներկայացուցիչներին

Այսօր Կառավարության նիստում որոշում ընդունվեց փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» և մի շարք այլ օրենքներում: Ըստ այդ փոփոխությունների՝ արտոնություններ պետք է տրվեն փոքր ու միջին ձեռնարկություններին:
«2014 թվականի հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3.5 %-ից պետք է դարձնել 1%, սահմանել նոր կարգավիճակ՝ ընտանեկան բիզնես, և տարեկան կտրվածքով մինչև տասներկու միլիոն դրամ շրջանառությունը ազատել հարկերից: Հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դարձնել պարտադիր»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրինագծին և նշեց, որ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է այս օրինագծի մշակմամբ, իսկ անգամ երեկ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ:
«Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին՝ փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան»,-ասաց նա և ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի։