Բավ է պառակտվել
29-05-2014 10:43

Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ տարաձայնությունները հաղթահարված են. Իգոր Շուվալով

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստման շուրջ տարաձայնությունները հաղթահարվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պատվիրակություններին, որոնք աշխատում էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման համար անհրաժեշտ պայմանագրի նախապատրաստումով, հաջողվել է հաղթահարել բոլոր տարաձայնությունները: Նա նշել է, որ երկրների առաջնորդները գուցե ցանկանան ինչ-որ հարցեր քննարկել:

Նախօրեին ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ մի քանի չկարգավորված պահեր կան, որոնք պետք է հաղթահարվեն։
Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրվի այսօր Աստանայում:

Աստանա է մեկնել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Օրեր առաջ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Աստանայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ կապված պրակտիկ հարցերի քննարկում: Կողմերը կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրման անդամների կազմի հետագա ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին։