06-12-2016 09:10

Նախընտրական այս փուլը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվությանը. վարչապետ

Նախընտրական այս փուլը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվությանը. այս մասին ՀՀ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ շատերը նույնիսկ գույքը առնելուց հետաձգում են ապրիլի երկուսից հետո, գործարարները՝ նույն կերպ:

«Եթե մենք կարողանանք ռեալ արդար միջավայր ստեղծենք և բիզնեսը հասկանա, որ իր համար զարգացումներ չեն լինի, խոչընդոտներ չի ունենա, իր գումար դնելու համարձակությունը բավականին աշխուժանում է»,- ասաց նա:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքին, նա ասաց, որ այն իր էությամբ վատ փաստաթուղթ չէ, և այս օրենսգրքի ընդունումը դժգոհություն էր առաջացրել այն գործարարների մոտ, որոնք աշխատում են «սպիտակ դաշտում» և նրանց համար հարկն ավելացել է:

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա վարչապետն ասաց, որ գազի գինը Հայաստանի սպառողների համար որոշվում է պարզ մեխանիզմներով։ «Գազի գնի վրա ազդում են մի քանի գործոններ, այդ իսկ առումով բոլոր այն երկրները ում հետ համեմատում են Հայաստանի գազի գները և մարժաները, տարբերվում են Հայաստանից. մենք միակն ենք, որ սեփական գազ չունենք և տրանզիտի գործոն չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով իր թիմին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ իր թիմն ընտրելուց ընտրել է հիմնականում այն մարդկանց, որոնք բարոյական կերպար ունեն, պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման համար, իսկ եթե այդպես չլինի առաջինն ինքը կնախատի և «դեմը կառնի»:

«Թիմ ընտրելուց ընտրում եմ այն մարդկանց, ովքեր իմ հետ ճանապարհ են անցել: Թիմ ընտրելու ժամանակ ես բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել: Կան մարդիկ, որոնց ես որոշակի ավանսով եմ նշանակել, քանի որ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք սրտի մենք պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ»,- ասաց նա և նշեց, որ եթե կան ավելի լավ կադրեր, որոնք որոշակի ոլորտներ կարող են կառավարել, շնորհակալ կլինի, եթե խորհուրդ տան։