03-09-2014 15:51

Եթե իշխանությունը քաղաքական ռազմավարություն ունենար, ապա սեպտեմբերի 3-ին ստորագրում չէր լինի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ, եթե ներկայիս իշխանությունը իր առջև ունենար քաղաքական ու տնտեսական ռազմավարություն, ապա մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ի իրադարձությունը տեղի չէր ունենա: Ըստ նրա՝ մինչ սեպտեմբերի 3-ը իշխանությունը լծված էր եվրաասոցացման գործընթացին, ամեն ինչ փորձում էր հարմարեցնել եվրոպական ստանդարտներին, սակայն մեկ օրվա մեջ ժողովուրդն իմացավ, որ այդ ամենը լուրջ չէ:

«Բացատրություն էլ չտրվեց, թե ինչու հանկարծ Հայաստանը որոշեց գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Գուցե մենք հասկանայինք և ընդունեինք: Բայց ասեմ, որ մենք ուզում էինք հասկանալ նաև ինչ է եվրաասոցացումը՝ ինչո՞ւ ենք գնում, ի՞նչ ապագա է խոստանում, այս հարցի պատասխանը ևս չտրվեց,-ասաց նա:

Ըստ Խաչատրյանի Եվրոպական գործընկերների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ին մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից մեծ օգուտ չէր տալու Արևելյան գործընկերության նոր ծրագիրը, հաշվարկներ կան նաև ՄՄ-ի դեպքում, բայց ես կասկածում եմ եվրասիական տնտեսական ինստիտուտների ներկայացրած հետազոտությունների մասով: Ըստ դրանց՝ Հայաստանում 8-10% տնտեսական աճ կլինի մինչև 2017թ-ը։

«Անդամակցելով՝ որևէ առավելություն չենք ստանում, որովհետև այսօրվա ՄՄ անդամ երկրների հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, որևէ խնդիր չունենք: Հակառակը՝ անդամակցությունից հետո ենք ունենալու խնդիրներ, խոսքը լրացուցիչ մաքսատուրքերի մասին է: Հայաստանը, լինելով տարբեր ֆինանսական կազմակերպությունների անդամ, համագործակցում է բոլորի հետ»,-ասաց նա և հորդորեց իշխանությանը վերջապես ճշմարտությունը ասել ժողովրդին ԵՏՄ-ին անդամակցելու հարցի հետ կապված: