26-01-2017 13:15

Երևանը ՌԴ-ի հետ տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային ուղիներ կմշակի. վարչապետ

Հայաստանը Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային ուղիներ կմշակի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ելնելով հունվարին 24-25 –ին Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի արդյունքներից, և կլիմայական պայմանների հետ կապված Վերին Լարսի անցակետի անցանելիության հետ կապված խնդիրներից, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է բանակցություններ անցկացնել ռուսական և վրացական կողմերի հետ:
«Մինչև մարտի 1-ը անհրաժեշտ է այլընտրանքային տրանսպորտային ուղիներով բեռնափոխադրումներ կազմակերպելու վերաբերյալ կառավարությանը առաջարկներ անել»,- ասել է Կարապետյանը:
Մարտիրոսյանը նշել է, որ կառավարության նիստից հետո քննարկվում են բոլոր հնարավոր այլընտրանքային ուղիները, այդ թվում նաև այլընտրանքային ավտոճանապարհի և երկաթգծի կառուցման հնարավորությունները:
« Մոսկվայում մենք արդեն հասել ենք նախնական պայմանավորվածությունների, սակայն առայժմ չենք կարող բարձրաձայնել այլընտրանքային երթուղու և մանրամասների մասին, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է Մարտիրոսյանը:
Միևնույն ժամանակ նախարարը չի բացառել Հարավային Օսիայով ճանապարհ կառուցելու հնարավորությունը, ընդգծելով, որ տվյալ հարցով նախատեսվում է քաղաքական բանակցությունների շաք սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև: