Բավ է պառակտվել
16-06-2014 12:59

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում է

Այսօր հասարակության համար թիվ մեկ անհանգստացնող հարց է դարձել համատարած թանկացումները: Գազի, լույսի թանկացումն այս տարի հարվածեց շատերի գրպանին, դեռևս չհոգալով այս ծախսերը խոսակցություններ են պտտվում տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ: Իսկ ահա էլեկտրաէներգիայի սակագինը շարունակում է ակտիվորեն աճել: Մինչ հասարակաությունը որոշում է պայքարել առկա թանկացումների դեմ, սույն թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կրկին կթանկանա: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բնական է համարում այս թանկացումները, մենք միջազգային շուկայի մասնակից ենք , ուստի գնային տատանումներն անմիջականորեն ազդում են նաև մեզ վրա, նշեց սոցիոլոգը և հավելեց, որ այսօր ոչ թե ապրանքը կամ ծառայություններն են թանկ, այլ աշխատավարձն է ցածր:
Այսօր տպավորություն է ստեղծվում, թե պետության վնասները հասարակությունն է հոգում, այսպես է կարծում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա չի կարելի խոշոր էներգետիկ հիմնարկների ճեղքերը բարդել ժողովրդի վրա:

Հասարակության հիմնախնդիրներով վերջին շրջանում ակտիվորեն ՛՛հետաքրքրված է՛՛ ընդդիմադիր քառյակը: Կառավարությանը ներկայացրել են 12 կետանոց պահանջներ, որոնք ներառում են հասարակությանը հուզող խնդիրներին հրատապ լուծում տալու պահանջները: Gisher.news-ի հետ զրուցում ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը դեռևս այդ պահանջների մեջ ներառված չէ, բայց դա չի նշանակում, որ խնդիրը ընդդիմության ուշադրությունից կվրիպի:
Հրաշալի քառյակը հավատացնում է, թե կառավարությանը պահանջներ ներկայացնելով պաշտպանում է հասարակության շահերը, սակայն հետաքրքրականն այն է, թե արդյո՞ք այս 12 պահանջով լուծում են տրվում բազում սոցիալական, տնտեսական և առհասարակ այն հարցերին, որոնք անհանգստացնում են հասարակությանը:

Այդուհանդերձ, պատգամավորը վստահեցնում է, այո՛, հնարավոր է, որ այլ կարևոր հարցեր չեն ներառել պահանջների մեջ, սակայն քննարկումների և ընդհանուր համաձայնության արդյունքում այդ խնդիրը կշտկվի: