Բավ է պառակտվել
02-06-2015 12:47

Էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյան

«Մենք մեկ շաբաթ հետո` ամսի 9-ին կամ 10-ին, կհայտնենք մեր դիրքորոշումը սակագնի վերաբերյալ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք ՀԷՑ-ի հայտը, սահմանված կարգով նայել ենք` արդյոք այդ հայտերը, որոնք ներկայացված են, համապատասխանում են մեր կարգերին, թե` ոչ: Բոլորդ տեղյակ եք, որ մենք ընդունել ենք ի վարույթ բոլոր հայտերը, և հայտերն ամբողջությամբ դրված են մեր ինտերնետային կայքում, ոչ մի թերթիկ չի պակասում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մտնելով կայք, տեղեկանա հայտերի բովանդակությանը: Մենք մինչև 88 օր ուսումնասիրության ժամկետ ունենք, թեպետ, ժամկետը երկար է, բայց, կարծում եմ, մենք մեկ շաբաթ հետո` ամսի 9-ին կամ 10-ին, կհայտնենք մեր դիրքորոշումը սակագնի վերաբերյալ, որը ևս կտեղադրվի մեր կայքում, որպեսզի բոլորը ծանոթանան դրա հետ»,- ասաց Ռ.Նազարյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դիրքորոշում ասելով նկատի ունեն, թե արդյոք ներկայացված հայտերը հիմնավորված են, և որ հայտի, որ հոդվածն է ընդունվել, որը չի ընդունվել, և թե արդյունքում ինչ կունենանք: Հարցին, թե հիմնավորվա՞ծ է թանկացման միտումը, Ռ.Նազարյանը նշեց, թե քանի դեռ իրենց աշխատակազմը չի ավարտել ուսումնասիրությունները, այդ ուղղությամբ որևէ բան ասել չի կարող. «Բայց կարող եմ մի բան հաստատակամ, ամենայն պատասխանատվությամբ ասել` բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել, որ ՀԷՑ-ը իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են շքեղությանը՝ թանկարժեք մեքենաներին, առանձնատների վարձակալությանը և այլ ծախսերին, այդ մասով ես կարող եմ ասել, որ և նախորդ սակագնում, և գործող սակագնում, և առաջիկա սակագնում որևէ շքեղության ոչ մի էլեմենտ մեր սակագնում իր արտացուլումը չի գտնի»: Այդուհանդերձ, լրագրողները կրկին հարցրեցին՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞, արդյոք 17 դրամ թանկացումը հիմնավորվա՞ծ է թե՞ ոչ, Ռ. Նազարյանն ասաց. «Սակագնում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի` ի՞նչ չափով, ի՞նչ մեծությամբ այդ մասին ես պատրաստ չեմ ասելու»: