Բավ է պառակտվել
20-05-2016 15:25

Տնտեսական ինտեգրացիոն գործընթացները քաղաքականներից առաջ են անցնում. Տ. Սարգսյան

Սոչիում մայիսի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գործարար համաժողովի շրջանակում հայտարարել է ԵԱՏՀ-ի և ասոցիացիայի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Այդ մասին հաղորդվում է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Նշենք, որ համաժողովն անցկացվել է «Ռուսաստան- Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գործընկերությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն նոր ճարտարապետությունում. բիզնեսի հնարավորությունները» խորագրի ներքո։

Դիմելով քննարկման մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱՆ-ը, նպատակաուղղված է միությունում ինտեգրման խորացմանը, ինչը զգալիորեն կրկնում է ԵԱՏՄ-ի հինգ երկրների արդեն անցած ճանապարհը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն առավել զարգացած միավորումներ են:

Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ԵԱՏՀ-ի և ասոցիացիայի միջև փոխգործակցության զարգացման օգտին:

«ԵԱՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև երկխոսության հարցը հասունացել է, և մեզ անհրաժեշտ է որոշել այդ համագործակցության ձևաչափերը»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ փոխգործակցության արդյունավետ ձևաչափերից մեկը կարող է դառնալ առևտրի, տեխնիկական, մաքսային կարգավորման և խոչընդոտների նվազեցման ոլորտում բիզնես հարցերի շուրջ տեղեկությունների փոխանակումը:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «տարածաշրջանային ինտեգրման գլխավոր նպատակը տնտեսական աճի պոտենցիալի իրականացումն է»: Խոչընդոտների վերացումը, առևտրի և կարգավորման նորմերի համար միասնական պայմանների ստեղծումն առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում բիզնես վարելու համար: Իր հերթին, վերահսկողության ուժեղացումը, հակառակը, նվազեցնում է տնտեսական աճի հեռանկարները: Դա հատկապես ակնհայտ է ժամանակակից աշխարհում, որտեղ «տնտեսական ինտեգրացիոն գործընթացները քաղաքական գործընթացներից առաջ են անցնում»: