Բավ է պառակտվել
17-11-2014 14:36

ԵՏՄ-ում միասնական արժույթն այլընտրանք չունի. տնտեսագետ

Այսօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հնարավոր հետևանքներին ասաց, թե տեսանելի ապագայում միասնական արժույթի շրջանառության մեջ մտնելն այլընտրանք չունի։ «Որքան էլ որ խուսափում են նման խոսակցություններից, դա այլընտրանք չունի և տնտեսական ինքնուրույնության տեսանկյունից սա, իհարկե՛, որոշակի կորուստ է նշանակելու, բայց մինչ այդ բավական ճանապարհ կա անցնելու և միասնական արժույթի անցնելուց առաջ ՀՀ ազգային դրամը կարող է բավական լուրջ փորձությունների ենթարկվել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, թե Կենտրոնական բանկի՝ վերջին տարիների իրականացրած դրամավարկային քաղաքականությունը կարելի է արդյունավետ գնահատել:
«Հաջողվել է զսպել ոչ միայն լուրջ ցնցումները՝ նույնիսկ դրամի արժեզրկման դեպքում: Դա եղել է և՛ երեք տարի առաջ, և՛ այս տարվա ամռանը, սակայն Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը կարողացավ տնտեսությունը զերծ պահել ցնցումներից»,-նկատեց տնտեսագետը, շարունակելով, թե հետագայում գնաճային ռիսկերը պայմանավորված կլինեն ոչ միայն Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությամբ, այլ մյուս գերատեսչությունների քաղաքականությամբ կամ միջոցառումներով: